ՖեմԳրադրանը հրավիրում է միանալ «Սոցիալական արդարությունը և քաղաքը» հայերեն թարգմանությամբ գրքի ընթերցանության խմբին, որը կմեկնարկի փետրվարի 28-ից։ Հանդիպումները տեղի կունենան երկու շաբաթը մեկը անգամ՝ ուրբաթ օրերին, ժամը՝ 19։00-21։00։ Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես պատրաստվել՝ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կարդալով գրքի նշված հատվածները։ Գրքի մի քանի օրինակներ կարելի է գտնել մեր գրադարակներում։
Ընթերցանությանը մասնակցելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել այս հղմամբ։
Գրքի մասին․
Դեյվիդ Հարվիի «Սոցիալական արդարությունը և քաղաքը» գիրքը, որում արտացոլված է հեղինակի մտքի շուրջ քառասունամյա զարգացումը, մարքսիստական քաղաքագիտության հիմնարար գործերից է։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են տարածական և քաղաքային գործընթացները ձևավորում սոցիալական անհավասարությունն ու կապիտալիստական շահագործումը։
Հարվին վերլուծում է, թե ինչպես է կապիտալիզմը վերափոխում քաղաքները՝ կենտրոնացնելով հարստությունը որոշակի տարածքներում և մարգինալացնելով որոշ խմբերի։ Սոցիալական անհավասարությունները, ըստ նրա, կրում են տարածական բնույթ, քանի որ քաղաքաշինական քաղաքականությունները հաճախ ծառայում են վերնախավերին՝ զրկելով աշխատավոր դասակարգին և աղքատ համայնքներին մի շարք կենսական հնարավորություններից։
Հեղինակն առանձնացնում է արդարության երկու մոտեցումներ։ Ըստ նրա լիբերալ (ռեֆորմիստական) մոդելը փորձում է սոցիալական արդարությունը բարելավել համակարգի ներսում։ Իսկ ռադիկալ (մարքսիստական) մոդելը ձգտում է իրական սոցիալական արդարության հասնել ամբողջական համակարգը վերափոխելով։ Նա շեշտում է, որ սոցիալական շարժումները և քաղաքային ակտիվիզմը կարող են պայքարել տարածական անարդարության դեմ։
Այս գիրքն առանցքային է Հարվիի մտավոր էվոլյուցիայի համար, քանի որ հենց դրանում է նա հեռանում դասական տարածքայնության (locational) վերլուծությունից և ընդունում մարքսիստական մոտեցումը՝ դառնալով քաղաքի և կապիտալի քաղաքական վերլուծության առաջատար մտածողներից մեկը։
Հեղինակի մասին․
Դեյվիդ Հարվին Նյու Յորքի Քաղաքային համալսարանի մարդաբանության և աշխարհագրության պրոֆեսոր է, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ։ 2007 թ․ Հարվին հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում բոլոր ժամանակներում ամենահաճախ մեջբերված գիտնականների շարքում զբաղեցրել է 18-րդ տեղը։