Մեր մասին

ՖեմԳրադարանը ֆեմինիստական զարգացվելիք է, որը տարածք է ստեղծել ֆեմինիստական ինքնակազմակերպման, (ինքնա)կրթության և դիմադրության համար: Այն ֆեմինիստական համերաշխության և քույրության ներքո միավորում և միահյուսում է ֆեմինիստական ակտիվիզմը, ակադեմիան և արվեստը:

ՖեմԳրադարանը պայքար է մղում հայրիշխանության, հետերոնորմատիվության, նեյրոնորմատիվության, կապիտալիզմի և միլիտարիզմի դեմ և նպատակ ունի ստեղծելու ֆեմինիստական գիտելիք՝ զարգացնելու այլընտրանքային ֆեմինիստական և քվիր ակտիվիզմն ու արվեստը, որ կգործեն զանգվածային լիբերալ շրջանակներից անդին:

ՖեմԳրադարանի նպատակն է հետերո- և նեյրոնորմատիվ հայրիշխանական կառույցների խարխլումը, փոխհատվող ճնշման համակարգերից ազատագրումը, աշխարհի նորովի ձևավորումն ու վերապատմումը կանանց*, քվիր և նեյրոբազմազան անձանց կողմից:

ՖեմԳրադարանն ընդգրկում է տասնյակ գրքեր գենդերային, սեռականության, ֆեմինիստական, քվիր տեսությունների և հարակից ոլորտների վերաբերյալ։

ՖեմԳրադարանը կազմակերպում է դասախոսություններ, քննարկումներ, ցուցահանդեսներ, ընթերցումներ, տեղի ունենալիքներ, կատարում թարգմանություններ, հրապարակում ապագաղութացնող հայալեզու տեքստեր։

ՖեմԳրադարանը չի դիտարկում ֆեմինիստական ակտիվիզմը, ակադեմիան և արվեստը իբրև իրարից անկախ իրողությունների ամբողջություն․ փոխարենը այս երեք ուղղությունը փոխշաղկապված են, միահյուսված և անբաժանելի:

ՖեմԳրադարանը ճանաչում է կանանց և (հակա)ինքնությունների բազմազանությունը և կին ասելով նկատի ունի թե՛ կենսաբանական կանանց, թե՛ ամբողջովին կամ մասնակի իրենց կին նույնացնող անձանց:

ՖեմԳրադարանի գործողությունների ուղղությունը

  • Ֆեմինիստական մտքի և գիտելիքի զարգացում. տեղական ֆեմինիստական փորձառությունների փաստագրում, քննարկում և արխիվացում, ուսումնասիրությունների իրականացում, ֆեմինիստական գրականության և մտքի խթանում, միջազգային ֆեմինիստական տեքստերի թարգմանություն և տեղայնացում, տեղական տեքստերի թարգմանություն և համաշխարհայնացում:
  • Այլընտրանքային ակտիվիզմի խթանում. քննարկումների, ցուցադրությունների, պերֆորմանսների, տեղի ունենալիքների իրականացում, ֆենզինների մշակում և տարածում, հանրային տարածքի ֆեմինիզացում և վերագրավում, հանրային այլ միջոցառումների անցկացում:
  • Ֆեմինիստական արվեստի քողազերծում և զարգացում. ֆեմինիստական արվեստանոցների հիմնում, ֆեմինիստ արտիստների/կոլ եկտիվների բացահայտում և նրանց գործունեության խթանում:

ՖեմԳրադարանը չի դիտարկում այս երեք ուղղությունները որպես իրարից անկախ գործողությունների ամբողջություն․ փոխարենը այս ուղղությունների բոլոր գործողությունները մեկը մյուսի հետ փոխշաղկապված են, միահյուսված և անբաժանելի:

ՖեմԳրադարան կարող եք այցելել երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 13։00-20։00-ն։ Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին կարող են գալ միայն կին նույնականացող, կնոջ սոցիալիզացիա անցած և ոչ բինար անձինք։