«Դեպի քեզ— ապրեցնելու». Տանյա Հովհաննիսյանի բանաստեղծությունների գրքի շնորհանդես

ՖեմԳրադարանը աջակցում է Տանյա Հովհաննիսյանի բանաստեղծությունների նոր գիրքի հրատարակության նախաձեռնությանը և նախաձեռնող խմբի հետ միասին հրավիրում «Դեպի քեզ— ապրեցնելու» գրքի շնորհանդեսին։
Տանյա Հովհաննիսյանը ծնվել է 1947 թ․ մայիսի 20-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում, ապրել և ստեղծագործել հիմնականում Գյումրիում և զոհվել 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի հետևանքով։ Նրա բանաստեղծությունները լույս են տեսել «Հրաբուխի ծաղիկ», «Բաց հրապարակ» և «Բանաստեղծություններ» ժողովածուներում և գրական ամսագրերում։
«Դեպի քեզ— ապրեցնելու» գրքում ընդգրկված են վերոնշյալ ժողովածուներից ընտրված 65 բանաստեղծություններ։ Ընտրանում կան շատ գործեր, որոնք տեղ չեն գտել համացանցային հարթակներում: Ուստի հրաշալի առիթ է ներկա գտնվելու և ձեռք բերելու այս նվերը, որը մեզ ժառանգել է Տանյա Հովհաննիսյանը։
Գրքի շնորհանդեսի ընթացքում կներկայացվի նաև Տանյա Հովհաննիսյանից պահպանված փաստաթղթերի, ձեռագրերի ու լուսանկարների թվանշային արխիվը, որը ձեռք է բերվել նրա ընտանիքից և ՖեմԳրադարանի ջանքերով կատալոգավորվել ու թվայնացվել է։
Շնորհանդեսը կկայանա հուլիսի 25-ին՝ ժամը 17։00-ին, Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում (Աբովյան փ․ 232), որը սիրով տրամադրել է իր տարածքը՝ ի աջակցություն այս նախաձեռնությանը:
Երևանից շնորհանդեսի մասնակիցների փոխադրումը Գյումրի և նույն օրը վերադարձը Երևան կազմակերպում է ՖեմԳրադարանը։ Բոլոր լրացուցիչ մանրամասները կտրամադրվեն այս հղումով գրանցված և ուղևորությունը հաստատած մասնակիցներին`
Հարցերի դեպքում զանգել 094 664584 համարով։
Գրքի նախաձեռնող խումբ՝
Ռուզաննա Գրիգորյան
Աննա Շահնազարյան
Լուսինե Նավասարդյան
Լուսինե Եղյան
ՖեմԳրադարան