«Ընտանեկան Հարաման» ֆիլմի դիտում և քննարկում

2026 թվականի հուլիսի 21-ին ՖեմԳրադարանում տեղի ունեցավ Անահիտ Եաղճեանի «Ընտանեկան Հարաման» (2025) փորձարարական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում հեղինակի հետ՝ կանանց, հատկապես մայրերի, հոգեկան առողջության և տնայնացման ծուղակի մասին:

Տանը փակված մոր՝ ինքնուրույնության և վերահսկողության ձգտումը, որը բախվում է իր տան անընդհատ փոխակերպվող հյուսվածքներին ու ժամանակայնություններին, սկիզբ է դնում անհանգստացնող և տարօրինակ մի փոխակերպման:

Ստվերներն ու ուրվագծերը պատկերում են այն սյուրռեալիստական ձևերը, որոնցով տանը պարտաճանաչ անցկացրած ժամանակը փոխում է մեզ, մինչև մենք համարձակվում ենք հարցնել . «Ինչպե՞ս կարող եմ դեռևս ազատ լինել»։ Ֆիլմը համավարակի մեկուսացման ժամանակաշրջանում մայրանալու և հետծննդյան դեպրեսիայի մասին դիմանկար է: Խոսքը ֆիլմում հնչում է արևմտահայերենով՝ ռեժիսորի վտանգված մայրենի լեզվով։

Հեղինակի մասին

Անահիտ Եաղճեանը (1989, Բուլղարիա) ամերիկահայ անկախ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր է, ով աշխատում է փորձարարական, վավերագրական և գեղարվեստական կինոյում։ Նրա աշխատանքները ստեղծվում են հարցադրումների և որոնումների միջոցով՝ պատմության, իշխանության, հիշողության, սահմանային վիճակների, սյուրռեալի և վսեմի շուրջ։

Լեզու՝ արևմտահայերեն

Ենթագրեր՝ անգլերեն

Տևողություն՝ 6 ր