Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ՖեմԳրադարանը մեկնարկել է կին արվեստագետների արվեստանոցներ այցելությունների շարք։ Նախաձեռնության նպատակն է ծանոթանալ կին արվեստագետների ստեղծագործական գործընթացին, այն թեմաներին ու նյութերին, որոնց հետ նրանք աշխատում են, ինչպես նաև բացահայտել այն խնդիրները, որոնց նրանք բախվում են Հայաստանում իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում։
Այս անգամ այցելությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 19։-00-ին։ Կայցելենք Դիանա Հակոբյանի արվեստանոց։
Դիանան ժամանակակից արվեստագետ է, որը մարդկային ուրվագծեր է անում պոստերներում, գեղանկարչությունում և վիդեոներում՝ արդի հասարակությունում կնոջ դերը կառուցելու կամ վերակառուցելու նպատակով: Պերեստրոյկայի (վերակառուցման) տարիների շունչը զգացած Հակոբյանը պահպանել է մարդկանց միջև ազատության և հավասարության գաղափարական նշանակությունը:
Դիանան հիմնականում շեշտավորումները դնում է «նոր ֆորմաների» ձևավորման վրա, ելնելով այն համոզմունքից, որ նորը մերժում է անցյալում եղած անարդարությունները: Ստեղծագործությունը համարում է անհատի միակ դրսևորումը և դիմադրությունը մեխանիզացված և անանձնավորված իրականությանը:
Գրանցման հղումը՝ https://forms.gle/yLanMR73oUVYsi9b7
Նախաձեռնության հիմքում արվեստի պատմությունը ֆեմինիստական դիտանկյունից վերանայելու և այն հարցադրելու գաղափարն է: Ֆեմինիստական արվեստը խնդրականացնում է արվեստի աշխարհի հայրիշխանական կառուցվածքներն ու հարցականի տակ դնում, թե ով կարող է ստեղծել արվեստ, ում աշխատանքն է ճանաչում ստանում, և ով է որոշում, թե ինչն է համարվում մեծ/բարձր արվեստ։ Կանանց՝ արվեստի աշխարհից պատմականորեն դուրս թողնելը պայմանավորված չէ նրանց տաղանդի բացակայությամբ, այլ կրթության, ռեսուրսների և մասնագիտական հնարավորությունների անհավասար հասանելիությամբ։ Հետևաբար, ֆեմինիստական արվեստը միայն մոռացված կին արվեստագետներին վերագտնելու մասին չէ. այն նաև հարցականի տակ է դնում ինստիտուցիաները, ուժային կառույցներն ու հանճարի մասին պատկերացումները, որոնք ձևավորում են արվեստի պատմությունը։
Մարզերից գալու դեպքում ճանապարհածախսը հոգում է ՖեմԳրադարանը։
