ՖեմԳրադարանը մեկնարկում է կին արվեստագետների արվեստանոցներ այցելությունների շարք։ Նախաձեռնության նպատակն է ծանոթանալ կին արվեստագետների ստեղծագործական գործընթացին, այն թեմաներին ու նյութերին, որոնց հետ նրանք աշխատում են, ինչպես նաև բացահայտել այն խնդիրները, որոնց նրանք բախվում են Հայաստանում իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում։
Առաջին այցելությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 14։-00-ին։ Կայցելենք Մարգարիտա Ղազարյանի արվեստանոց` Արշալույս գյուղում: Մարգարիտան միջդիսցիպլինար արվեստագետ է, ում պրակտիկան ձևավորվում է հետազոտության, նյութական փորձարարության և էմոցիոնալ ներգրավվածության հատման կետում։
Նրա աշխատանքներում առանցքային տեղ են գրավում կանանց փորձառությանն ու իրավունքներին առնչվող թեմաները, որոնց միջոցով վեր են հանվում լռեցված ու լուսանցքայնացված պատմությունները։
Օգտագործելով ավանդաբար «կանացի» համարվող տեխնիկաներն ու կենցաղային օբյեկտները (ասեղնագործություն, տեքստիլ, մաղեր)՝ արվեստագետը վերակառուցում է դրանց իմաստը՝ դրանք վերածելով դիմադրության և հայրիշխանական կարծրատիպերի քննադատության գործիքների։
Այցելությանը միանալու համար, կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/23wmG7H2n1ekg4iY8
Նախաձեռնության հիմքում արվեստի պատմությունը ֆեմինիստական դիտանկյունից վերանայելու և այն հարցադրելու գաղափարն է: Ֆեմինիստական արվեստը խնդրականացնում է արվեստի աշխարհի հայրիշխանական կառուցվածքներն ու հարցականի տակ դնում, թե ով կարող է ստեղծել արվեստ, ում աշխատանքն է ճանաչում ստանում, և ով է որոշում, թե ինչն է համարվում մեծ/բարձր արվեստ։ Կանանց՝ արվեստի աշխարհից պատմականորեն դուրս թողնելը պայմանավորված չէ նրանց տաղանդի բացակայությամբ, այլ կրթության, ռեսուրսների և մասնագիտական հնարավորությունների անհավասար հասանելիությամբ։ Հետևաբար, ֆեմինիստական արվեստը միայն մոռացված կին արվեստագետներին վերագտնելու մասին չէ. այն նաև հարցականի տակ է դնում ինստիտուցիաները, ուժային կառույցներն ու հանճարի մասին պատկերացումները, որոնք ձևավորում են արվեստի պատմությունը։
Ճանապարհածախսը հոգում է ՖեմԳրադարանը
