Սիրելի ընկերներ, հրավիրում ենք Արման Գալոյանի «Սամիզդատը որպես այլախոհության դրսևորում» դասախոսությանը, որը տեղի կունենա մայիսի 16-ին՝ ժամը 19։00-ին, Ճարտարապետության գրադարանում։
Հայ մամուլի պատմության արդի շրջափուլի մասին խոսելիս անհնար է շրջանցել «սամիզդատ» կամ ինքնահրատ մամուլի թեման: Խոսքը ԽՍՀՄ իշխանության օրոք այլախոհ գործիչների կողմից գաղտնի կերպով հրատարակված տարբերականների մասին է:
«Սամիզդատ» տերմինը ծագել է 20-րդ դարի կեսերին՝ խորհրդային Ռուսաստանում: Ինքնահրատի՝ հենց Ռուսաստանում ի հայտ գալը մասնագետները պայմանավորում են այնտեղ տարբեր ժամանակներում գրաքննության մշտական առկայությամբ։
Հայաստանում ինքնահրատ մամուլն ի հայտ եկավ 60-ականների վերջերին: Սակայն այստեղ ինքնահրատ մամուլի ու այլակարծության դրսևորումների համար պարարտ հող ձևավորվել էր ավելի վաղուց. արդեն սկսել էին ի հայտ գալ այլախոհական փոքր շարժումներ:
Հայաստանում 1980-ական թվականների վերջերին՝ պայմանավորված ղարաբաղյան շարժմամբ, այլախոհական պայքարը ստացավ բոլորովին նոր թափ ու նոր որակներ: Դրան զուգահեռ մեծ ծաղկում ապրեց «սամիզդատ» մամուլը. 1988-1990թթ. Հայաստանում լույս տեսած սամիզդատների թիվն անցնում էր երեք տասնյակից:
Արման Գալոյան
Լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու։ Ծնվել է Գյումրիում, 17 տարեկանից զբաղվել է լրագրությամբ։ Աշխատել է հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում՝ «Հայկական ժամանակ», «Հայք», «Ժողովուրդ», «Չորրորդ իշխանություն», թղթակցել նաև՝ «Լրագիր», iLur.am կայքերին։ Այժմ աշխատում է Radar Armenia կայքում՝ որպես խմբագիր։ Դասավանդում է «Եվրազիա միջազգային համալսարանում»։
2010թ. Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ 75-ամյակին նվիրված «Հայ հասարակական-քաղաքական միտքը. 20-րդ դարի վերջ — 21-րդ դարի սկիզբ» գիտաժողովում ներկայացրել է իր «Ինքնահրատ մամուլի դերը Հայաստանի անկախացման գործընթացում և ազդեցությունը հայ արդի մամուլի վրա» թեմայով զեկույց, որն էլ հիմք դարձավ «Ինքնահրատը Հայաստանում» գրքույկի համար։
Բանախոսության լեզու՝ հայերեն
Հասցե՝ Ճարտարապետության գրադարան, Թումանյան փողոցի 2-րդ նրբ., 5-րդ շենք
Դասախոսությունը տեղի է ունենալու «թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնի շրջանակներում։
