ՄԱՍ I. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԿԱՆԱՅՔ
Կնոջը պատերազմական իրավիճակներում, տարածքներում և նարատիվներում սովորաբար վերագրվում են հերոս մոր, օգնող քրոջ և նման այլ դերեր: Դրանք ենթադրում են խնամք, հոգատարություն, զգայունություն և հուզական աշխատանք՝ հաղթելու թշնամուն: Թշնամուն հաղթելու ռազմական այս օրակարգը միշտ հստակ պահանջներ է ունեցել կնոջից: Սրա մեջ կարևորագույնը, իհարկե, կնոջ՝ պահանջներ չներկայացնելը և հրամաններ կատարելն է: Ռազմական ոլորտում հրամաններ հիմնականում տալիս են զինվորներին, բայց կինը զինվորի դասական ընկալման մեջ ևս չի հավակնում լինելու, ավելին՝ կարծիք ունենալու, անհատականություն լինելու, պահանջներ ներկայացնելու համար նրան ներքաշում են այն խոսույթի մեջ, թե՝ «Կին, եթե ուզում ես պահանջներ ներկայացնել, եթե դժգոհ ես, ուրեմն պիտի ծառայես»: Երկար ժամանակ նորմավորված այս խոսույթը ռոմանտիզացման միջոցով արժեզրկում է կանանց փորձը ռազմական կառույցներում և քաղաքականության մեջ:
Պատերազմը կամ ռազմական իրավիճակները մեծացնում են նաև խաղաղության մասին խոսելու ցանկությունը: Աշխարհում տասնյակ հազարավոր չլուծված հակամարտություններ կան, որոնց հաղթահարման և խաղաղ կյանքի կառուցման նպատակով Միավորված ազգերի կազմակերպությունը 2001 թվականին՝ Սառը պատերազմի ավարտից տարիներ անց, վերջապես կարևորեց խաղաղ անվտանգությունը: Ընդունվեց բանաձև, համաձայն որի՝ կանայք պետք է լինեին խաղաղության գործակալներ (peace agents), մասնակցեին խաղաղությանն ուղղված գործընթացների: Սակայն բանաձևում մարգինալացված խմբերին որպես գործող անձանց չներգրավելն այն դարձրեց ոչ ներառական, իսկ Իրաքում և Պաղեստինում դրա արդյունավետությունը և կիրառելիությունը չտեսնելը՝ ավելի խոցելի: Այս երկու երկրների կանանց հիմնախնդիրներով զբաղվող կառույցները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են իրենց մտահոգությունն այն մասին, որ միջազգային օրակարգերում կանանց ներգրավվածության ձևերը խնդրային են: Այնուամենայնիվ, Հայաստանը ևս ընդունել է բանաձևը և վերջին տարիներին փորձում է դրա իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Համաձայն բանաձևի՝ պատերազմը պետք է կանխարգելել, ոչ թե հարմարեցնել և դարձնել կանանց համար անվտանգ, բայց սա ավելի հաճախ օգտագործվում է կնոջ ռազմականացման, քան ապառազմական և ֆեմինիստական օրակարգի ձևավորման նպատակով: Այսպես, օրինակ՝ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովի իր ելույթում ասում է[1].
Մենք խորապես համոզված ենք, որ կանայք մեծ դերակատարում ունեն խաղաղությանն ուղղված փոփոխությունների առաջնորդման գործում, և անվտանգությանն ուղղված ջանքերն ավելի հաստատուն կարող են լինել, եթե կանայք որպես հավասար գործընկերներ ներգրավվեն հակամարտության կանխարգելման, կարգավորման և վերականգնման, ինչպես նաև կայուն խաղաղության ապահովման գործընթացներում։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի առաջնահերթություններից են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարման երաշխավորումը, ՀՀ Կառավարությունը 2019 թվականի փետրվարին հաստատեց 2019-2021 թթ. Գործողությունների ազգային ծրագիրը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325-րդ բանաձևի դրույթների իրականացման ժամանակացույցը։
Նախարարի այս տեքստից կարող ենք առանձնացնել հետևյալը. իշխանությունները հստակ գիտեն, թե որն է 1325-րդ բանաձևի նպատակը, և ինչպես պետք է այն կիրարկել, սակայն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարման երաշխավորումը» ձևակերպումը մտածելու տեղիք է տալիս: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի փուլեր` բանակցային, ակտիվ ռազմական, պասիվ ռազմական, և հաշվի առնելով ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող խոսակցությունները, որ կանայք կարևոր հարցերի շուրջ կարծիք հայտնելու համար պետք է ծառայեն՝ այստեղ նկատելի է միտում կանանց ոչ թե որպես խաղաղության ու անվտանգության օրակարգ ձևավորողների դիտարկելու, այլ համազգեստավորելու և ռազմականացնելու:
«Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ-2016» միջոցառումների շրջանակում Երևանում տեղի է ունեցել «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատանքային քննարկում[2], որի ընթացքում խոսվել է այն մասին, թե որքան կարևոր է զինված ուժերում կանանց ներգրավվածությունը:
Կանայք կարևոր դեր ունեն խաղաղության ձեռքբերման, պահպանման և հակամարտության կարգավորման հարցերում: Շատ կարևոր է, որ ՀՀ ԶՈՒ-ում ևս չանտեսվի այն տաղանդը, որն ունեն կանայք: Աշխարհում չկա որևէ զինված ուժ, որն անտեսի այդ դերը, մենք ևս պետք է մեծ հնարավորություն տանք կանանց խոսքի ու դերի տարածմանը»,- ասել է Ուիլյամ Լահյուն:
Հասկանալու համար, թե ինչպիսին է այսօր` պատերազմից հետո, ՀՀ Կառավարության, ՀՀ պաշտպանության նախարարության մոտեցումը ռազմական ոլորտում կանանց ներգրավված լինելուն և 1325-րդ բանաձևին, պետք է հղում անել նրան, որ 2021-ի օգոստոսին Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կանանց մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում 5-ամյա ծրագրի առաջնահերթություններից է[3].
Կանանց ներգրավվածության թեզը չունի որևէ գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով. կանայք բնակչության մեծամասնությունն են, և նրանց ռեսուրսի ներգրավումը որևէ ոլորտում նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում: Ասվածը չի նշանակում, թե կանայք բանակում նույնքան ներգրավված պետք է լինեն, որքան տղամարդիկ, խոսքը պոտենցիալը հնարավորինս լիարժեք օգտագործելու մասին է:
Ն. Փաշինյան
Այս քաղաքականությունն արդեն գործի է դրվել. տարվա սկզբին ՊՆ մամլո խոսնակը հաստատել է այն լուրը, որ աշխատում են «Իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր զինվորական ծառայության անցնելու» հարցի շուրջ: Այսպիսով՝ պետությունը խաղաղության և անվտանգության օրակարգի իրականացումը տեսնում է կանանց ներուժը ռազմական ոլորտում լիարժեք օգտագործելու մեջ: Սրան նպաստում է նաև այն, որ պատերազմից հետո մարդկային ռեսուրսների վերականգնման համար բանակն ունի համալրման կարիք: Բացի այդ՝ պատերազմից հետո մեծ թափ են հավաքել ինքնապաշտպանական, հրաձգային և ռազմարդյունաբերական դասընթացներն ու ծրագրերը, որոնցով կանայք ևս հետաքրքրված են: Այս հետաքրքրվածության բարձրացմանն են նպաստում մեդիա արշավներն առ այն, որ կանայք ուժեղ են, չեն զիջում տղամարդկանց, լիբերալ խոսույթը, թե՝ «բացի բուժելուց մենք ևս կարող ենք կռվել մարտի դաշտում»: «Վաշտի աղջիկները»[4], հատուկ ռեպորտաժները բանակում հերոսացած կանանց մասին, որոնք համատեղում են «կանացիությունը» և տղամարդկանց հետ հավասար կռվելը, հասարակության մեջ տպավորություն են ստեղծում, թե ռազմական ոլորտում ներգրավվածությունը հերոսություն է կնոջ համար, հայրենասիրության բարձրագույն դրսևորում, որի համար նրան պետք է ծափահարել և մատնանշել որպես օրինակելի կերպարի:
Այս մեդիալուսաբանումները ոչ միայն սահմանում են, թե ինչպիսին պետք է լինի իրական կինը, այլ նաև բանակում կնոջը գենդերացված դեր են տալիս: Այս գենդերացված դերը շատ հստակ է` կանայք զսպող մեխանիզմներ են. սա կարմիր թելի պես անցնում է բոլոր հոդվածներում և հանրային խոսույթում[5]: Սրանից կարող ենք հետևել, որ պետությունը ոչ թե պատասխանատվություն է վերցնում կարգավորելու և բացառելու բանակային փակ պայմաններում տեղի ունեցող հանցագործությունները, բռնությունները, այլ կանանց ներառում է բանակային կյանքում որպես խաղաղության աղավնիների, որովհետև կնոջ ներկայությամբ «իսկական տղամարդն» իրեն այլ վարք թույլ չի տա: Սրա խնդրային մյուս կողմն այն է, որ հանրային լուսաբանման մեջ ընդգծվում են կնոջ վերաբերյալ կարծրատիպերը, որոնք իբր թե զինվորական կանայք կոտրում են, որովհետև քաջ են այնքան, որ մտել են տղամարդկանց շարքեր և կարողանում են զսպել նրանց:
Ռազմական ոլորտում կնոջ ռոմանտիզացումը, գրական զեղումները և գրական կերպարներին հղումները հոգեբանական մեծ ազդեցություն են ունենում հասարակության վրա: Սրա հետևանքով հասարակական խոսույթը ոչ թե ծավալվում է երկրի ռազմականացման վտանգավորության, այլ ռազմականացման կարևորության շուրջ, որովհետև «պատերազմող երկրում բոլորը զինվոր են» արտահայտությունը հիպնոսացնում է մարդկանց, որոնց համար անվտանգությունը և ապահովությունը զուգորդվում են ոչ թե խաղաղության, այլ բանակ զինելու հետ: Խաղաղության և անվտանգության շուրջ ոչ զինված պայքարի, մարդակենտրոն և ֆեմինիստական մոտեցումները վիժեցվում են, երբ պետությունն իր օրակարգը կառուցում է կանանց ռազմական կյանքում գենդերացված դերեր տալով, ինչը նաև նվազեցնում է պատերազմի և անվտանգության այլակարծության հանրայնացումը: Սրան են նպաստում ազատ մեկնաբանությամբ միջազգային փաստաթղթերը, ինչպիսին ՄԱԿ-ի 1325-րդ բանաձևն է, որը լիբերալ հայացքներ ունեցող իշխանություններին հնարավորություն է տալիս խաղաղությունը և անվտանգությունը մեկնաբանելու որպես գործընթաց, որը ոչ թե փորձում է կանխել պատերազմը խաղաղությանն ուղղված միջոցառումների միջոցով, այլ այն ապահով է դարձնում կանանց համար: Սա նշանակում է, որ կանայք դառնում են գործիք ռազմականացման և դրա ներուժի հզորացման համար: Փաստացի, իշխանությունը կնոջը գիտակցաբար զրկում է պետության և ռազմական ինստիտուտների կողմից ընկալելի դերից բացի այլ դերով հանդես գալու հնարավորությունից:
Չնայած դրան՝ ՄԱԿ-ի 1325-րդ բանաձևի բովանդակային դրույթները պետք է օգտագործել ապառազմական, խաղաղաշինությանն ու խաղաղարարությանն ուղղված ֆեմինիստական օրակարգի ձևավորման նպատակով, որը պետք է հրաժարվի անվտանգությունը ռազմական ուժի հետ կապելուց:
ՄԱՍ II. ԶՍՊՈՂ ԱՌՅՈՒԾԱԾԻՆՆԵՐԸ
Երբ խոսքը ռազմական իրավիճակում կնոջ գենդերացված դերի և ռազմահայրենասիրական օրակարգին ծառայելու մասին է, կարևոր է նշել կնոջ մարմնի և դրա նկատմամբ պետության հավակնությունների մասին: Հետպատերազմական և պատերազմական շրջաններում կնոջ վերարտադրողական առողջության և դրան առնչվող քաղաքականությունը կառուցվում է ներկա ռազմական օրակարգին համապատասխան: Սրա մասին են վկայում պետական մակարդակով կոչերն ու հայտարարությունները՝ ուղղված որդեկորույս մայրերին, սոցիալական ծրագրերն ու արշավները՝ ուղղված բազմազավակության քաջալերմանը: Այս ամենի հետ մեկտեղ կա կնոջ վերարտադրողական առողջության կառավարման հարցը, որը ռազմականացման մեքենան ղեկավարում է գենդերացված դերերի միջոցով:
Կան մի շարք մեթոդներ, որոնց միջոցով իշխանությունները կանանց ներգրավում են ռազմական օրակարգերում: Սա հիմնականում վերաբերում է ռազմական աշխատուժի նյութական և ֆիզիկական վերարտադրությանը, որը ձեռնարկվում է ինչպես զինված ուժերի ներսում, այնպես էլ դրանից դուրս[6]: Սա ներառում է ծննդաբերության միջոցով նոր զինվորների ֆիզիկական վերարտադրության ապահովումը, նրանց խնամքը, զորակոչը: Աջակցելը նշանակում է տարբեր հուզական գործողություններ, որոնց միջոցով կանայք պարտավորվում են օգնել զինված պայքարին, օրինակ՝ աղոթելով, երգելով կամ մասնակցելով հանրային միջոցառումներին, այստեղ կարևոր է նաև, թե հանրային ինչ տեսակի միջոցառումների մասին է խոսքը: Սա ներառում է նաև ոչ նյութական հոգատարության այլ ձևեր, ինչպիսիք են պացիֆիստներին և պատերազմ հրահրող պրակտիկաները մերժողներին խայտառակելը: Կանայք հաճախ միանում են զինված խմբերին ավելի ցածր՝ գենդերացված, ոչ մարտական դիրքերում, որպես բուժքույրեր ու դերձակուհիներ: Այս կանայք սովորաբար ստիպված են լինում ամուսնությունից հետո թոշակի անցնել՝ ծննդաբերության միջոցով զինված ուժերը վերարտադրելու համար: Լեգիտիմացումը փոխանցում է այն ուղիները, որոնցով կանանց մարմինները դառնում են հատկապես խոցելի թշնամու կողմից սեռական բռնության համար: Սա արվում է խորհրդանշական ներկայացման միջոցով տղամարդ զինվորների համար, որտեղ կանանց ներկայացնում են որպես մայրերի կամ դուստրերի, որպես պաշտպանության կարիք ունեցող տան, սեփականության մարմնավորումների: Իսկ ահա մերժումը վերաբերում է գենդերային պարտականություններին, որոնք ստանձնել են կանայք՝ ընդդիմանալով պատերազմին: Դրա օրինակներ են հանրային վիշտը և կոնֆլիկտների լուծման համար մայրական ինքնության վրա հիմնվելը: Այսպիսով՝ կինը զինվորի կյանքում հստակ դեր ունի` պաշտպանության կարիք ունեցող, և նա այդ պաշտպանությանը պատասխանելու առաքելություն պետք է ստանձնի, ինչը երեխաներ ունենալն է: Սակայն ինչպե՞ս է պետք պատերազմական երկրում, երբ մարդիկ հոգեբանական և սոցիալական ծանր վիճակում են, խրախուսել ծնելիությունը: Այստեղ օգնության է գալիս ռազմահայրենասիրական զինանոցը, որը ներառում է պատերազմից հետո դեմոգրաֆիական (ժողովրդագրական) խնդրի մասին խոսելը, ապա որդեկորույս ընտանիքների միջոցով այն գաղափարը տարածելը, որ երեխաներն են մեր ապագան, ուստի եթե որդեկորույս ընտանիքներն օրինակ են ծառայում, ապա բոլորը պետք է հետևեն դրան: Այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր՝ ինչպես պետք է այս ընտանիքներն իրականացնեն պետության կողմից այս «պատվերը», որտեղ էլ պետությունն առաջարկում է իր հոգեբանական և բարոյական աջակցությունը՝ ֆինանսավորելու փոխնակ մոր ծառայությունից կամ վերարտադրողական այլ ծրագրերից օգտվել ցանկացող ընտանիքների կարիքները: Այս հարցը քանի որ ունի մի քանի շերտ, այս հոդվածում անդրադարձ կարվի փոխնակ մայրության ծառայությանն առնչվող ընդհանուր բացերին և ռիսկերին, ինչպես նաև կնոջ վերարտադրողական առողջության և ծնելիության խթանման մեթոդների ռազմականացված լինելուն:
2020 թվականի նոյեմբերին Միգրանտ կանանց եվրոպական ցանցը հայտարարություն արեց փոխնակ մայրության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է, որ փոխնակ մայրությունը հանգեցնում է ամենաաղքատ, խոցելի և հաճախ միգրանտ կանանց շահագործմանը: Ուստի հաճախ փոխնակ մայրության են դիմում տնտեսական և հասարակական խոցելի դիրքում գտնվող մարդիկ[7]: Փոխնակ մայրության մեդիա պատկերները ներկայացնում են երջանիկ ծնողների և պաշտելի երեխաների, թաքցնում են դասակարգային բացահայտ շահագործումը, կանանց և երեխաների ապրանքափոխությունը, ինչպես նաև այն կանանց կյանքին սպառնացող լուրջ վտանգները, որոնք վաճառում են իրենց ձվաբջիջները կամ որպես փոխնակ մայր վարձով են տալիս իրենց մարմինները[8]: Հենվելով կարծրատիպերի վրա՝ փոխնակները ներկայացվում են որպես անշահախնդիր մարդիկ: Սրան նաև գումարվում է մեդիայի և հաղորդակցության այլ միջոցների օգնությամբ այն նարատիվի տարածումը, որ փոխնակ մայրությունը լավագույն միջոցն է պատերազմող երկրին, զինվորներին և բանակին օգնելու համար: Սա հոգեբանորեն ճնշում է և անտեսում բոլոր այն խնդիրները, որոնց փոխնակ մայրը հանդիպում է հղիության և հետծննդաբերական շրջաններում:
Պատերազմից հետո ՀՀ Կառավարության աջակցության ծրագրերից ամենաշատը աչքի է ընկնում պատերազմում որդի կորցրած մայրերի աջակցության ծրագիրը, որն առաջարկում է արհեստական սերմնավորման, բեղմնավորման, փոխնակ մոր ծառայություններ: Այս կանայք ծառայությունը կարող են ստանալ պետպատվերով, անվճար և առանց որևէ սահմանափակման. դոնորական մեկ ձվաբջջի համար՝ 600 հազար դրամ, փոխնակ մայրության համար՝ 5 միլիոն 500 հազար դրամ, որպեսզի նրանք երեխա պարգևեն զոհված զինվորի ծնողներին[9]: Կարևոր է նշել, որ երբ դիտարկում ենք փոխնակ մայրության ծառայության համար սահմանված գները, Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոսքը 100000 դոլարի, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ 60000-70000 դոլարի մասին է, մինչդեռ մեր երկրում փոխնակ մոր ծառայության ամբողջական փաթեթը տատանվում է 20000-30000 դոլարի սահմանում[10]։ Այսպիսով՝ պետությունը շուկայականից էլ ցածր գնով որդեկորույս մայրերի վիշտն օգտագործում է կնոջ մարմինը և հատկապես նրա վերարտադրողական կյանքը ռազմականացնելու և վերարտադրողական մեքենայի վերածելու համար:
Մեր փոխնակ մայրը չափից դուրս պարտաճանաչ էր: Բացի նրանից, որ այդ քայլին գնացել էր գումարի համար, կար նաեւ ուժեղ մարդկային գործոնը. նա ամբողջովին հասկանում էր մեր իրավիճակը:
Հղիության ընթացքում մեր փոխնակ մայրը ամաչում էր այն փաստից, որ ծանր ֆինանսական վիճակից ելնելով ստիպված է հանդես գալ նման դերում[11]:
Բացի այն, որ Հայաստանում փոխնակ մայրությունը բավականին էժան ծառայություն է, պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ վճարման և այլ գործընթացներին առնչվող խնդիրները ևս կարգավորված չեն: Այնուամենայնիվ, ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, «Օրը կգա, բարին` հետը» մոտեցումով և քարոզարշավներով ընտանիքներին քաջալերում են միանալ ծրագրին` հավատացնելով, որ կորստի հաղթահարման, պատերազմական Հայաստանին օգնելու լավագույն ձևերից մեկը երեխաներ ունենալն է ու նրանցով մխիթարվելը.
Ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:
Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետև նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլև մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու և հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս[12]:
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան, 2021 թվականի ամանորյա ուղերձ
Պատերազմի միջոցով կնոջ մարմնի պետականաշնորհումը այսքանով ո՛չ սկսվում է, ո՛չ էլ ավարտվում: Պատերազմի, ռազմական կյանքի անվերապահ վստահության, դրա մաս լինելու ցանկության համար, և որպեսզի մարդիկ մոռանան ողջ դաժանությունը, կամ հիշողության սուր ծայրերը հարթվեն, անխուսափելի է ողջ իրավիճակի ռոմանտիզացումը: Ռոմանտիզացման դրսևորումներից է տարվա նշանաբանների հռչակումը, օրինակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամանորյա ուղերձում ոչ միայն քաջալերում էր երեխաներ ունենալը, այլ նաև 2022 թվականի նշանաբան էր հռչակել վերածնունդը և հույս հայտնել, որ բազմաթիվ ընտանիքներում նահատակների անունները կրող զավակներ կծնվեն: Սա միանգամայն անտեսում է այն ցավը, որ ծնողն ունի երեխա կորցնելուց հետո, և կյանքի որակի լավացման վրա աշխատելու փոխարեն վարչապետն առաջարկում է կրկնակի տրավմայի ենթարկել ընտանիքներին:
Սովորաբար մահացած զինվորի անունը կրող երեխաների մասին լուսաբանումներն ուղեկցվում են «հերոս զինվորի հերոս եղբայրը» որակումով, որը նախապես գծում է երեխայի կյանքը, ապագան, բնավորությունը և վարքը: Սա զրկում է նրան անհատ լինելուց, փոխարենը նրան տեսնում են որպես վերակենդանացած մեկի, ինչը անթույլատրելի է և ոչ մեկի շահերից, բացի ռազմականացման, չի բխում: Այստեղ նաև վաղ տարիքից ռազմականացման վտանգ կա, քանի որ երեխան կյանքի վաղ շրջանում աշխարհի մասին դեռ լայն պատկերացում չունի, ուստի հիմքը զենքի, պատերազմի, մահացած զինվոր եղբոր, հոր կամ այլ բարեկամի մասին պատմություններով դնելը հետագայում ռազմական ոլորտի շարքերը նրանով համալրելու նպատակ ունի: Եթե անգամ այս երեխաները բանակի շարքերը չեն համալրում, ամեն դեպքում նրանց մասին պատմությունները ոգեշնչում են շատերին՝ ռազմական ոլորտին միանալու համար:
Այսպիսով՝ պետությունը պատերազմի հոգեբանական, սոցիալական և տնտեսական բեռը դնում է որդեկորույս ընտանիքների վրա: 2020 թվականի պատերազմից հետո հոգեբանական, սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրերին, դրանց լուսաբանումներին առաջնահերթություն տալու փոխարեն պետությունը 2022 թվականը հռչակեց Վերածննդի տարի: Սա նշանակում էր, որ պատերազմից հետո ընկճված, վախեցած և օգնության կարիք և օգնելու ցանկություն ունեցող ժողովրդին պետությունն առաջարկելու էր ռազմահայրենասիրական դոկտրին: Դոկտրին, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայրենասեր կինը, ինչքան կարևոր է կնոջ համար երեխաներ ունենալը:
Իր օրակարգի հաջողության համար պետությունը վարձակալում է կանանց մարմինները բավականին ցածր գումարի դիմաց, քանի որ փոխնակ մոր ծառայություններ տրամադրողները հիմնականում աղքատ և սոցիալապես անապահով խմբերի կանայք են: Իշխանությունները հայրենասիրության քողի տակ ստեղծում են պարտադրանքներ, թե ինչ պետք է անի կինը, ինչպես պետք է հաղթահարի կորուստը: Ըստ պետության և իշխանությունների՝ ռազմի դաշտում խնդիրների լուծմանն օգնելու համար երեխաներ ունենալն է կնոջ առաքելությունը, իսկ այս երեխաներին պետք է տալ մահացածի անուն, որովհետև դա էլ արդեն բոլորիս պարտքն է հայրենիքի առաջ: Սա ռոմանտիզացնում է պատերազմական իրականությանն առնչվող փորձառությունները, բացի այդ՝ հնարավորություն է տալիս աջական խմբերի հակաֆեմինիստական, հակախաղաղաշինական կոչերի հանրայնացման համար:
Կնոջ ֆիզիկական և հոգեբանական անկախությանը հասնելու համար նախ և առաջ պետք է մերժել, դիմադրել և հրաժարվել պրոպագանդիստական խամաճիկ թատրոնի մասը լինելուց: Իշխանությունները չպետք է անտեսեն պատերազմին առնչվող փորձառությունները և կնոջ ռազմականացմանն ուղղված մաշված մեխանիզմները գործի դնելու փոխարեն վերջապես մարդակենտրոն անվտանգության օրակարգ ձևավորեն:
Գրականության ցանկ
Girón Pacheco, Clara Isabel. “Surrogacy – THIS IS GENDERED.” Accessed April 5, 2023. https://thisisgendered.org/entry/surrogacy/.
Hedström, Jenny. “Militarized Social Reproduction: Women’s Labour and Parastate Armed Conflict.” Critical Military Studies 8, no. 1 (January 2, 2022): 58–76. https://doi.org/10.1080/23337486.2020.1715056.
mediamax.am. «Կանայք ՀՀ զինված ուժերում. առկա իրավիճակն ու խնդիրները», ապրիլի 5, 2023, https://mediamax.am/am/news/armypolice/20583/:
mediamax.am. «Վաշտի աղջիկները», ապրիլի 5, 2023, https://mediamax.am/am/specialprojects/military-girls/:
Sloan, Kathleen. “Trading on the Female Body: Surrogacy, Exploitation, and Collusion by the US Government.” Public Discourse (blog), April 24, 2017, https://www.thepublicdiscourse.com/2017/04/19109/.
Սուսան Բադալյան, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գևորգ ու Գոհար Դավթյանները նորից ծնողներ կդառնան՝ փոխնակ մոր օգնությամբ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան, https://www.azatutyun.am/a/31710422.html:
«ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին», դեկտեմբերի 7, 2020, https://www.mfa.am/hy/speeches/2020/12/07/fm_wsp/10696:
Չոբանյան Կուշանե, Լինել փոխնակ մայր Հայաստանում, EVN Report (blog), ապրիլի 5, 2019, https://evnreport.com/arm/raw-unfiltered-arm/linel-phoxnak-mayr-hayastanum/:
Սիմոնյան Օֆելյա, Կանայք հայկական և օտարերկրյա բանակներում. թվեր և վիճակագրություն, media.am (blog), ապրիլի 18, 2022, https://media.am/hy/verified/2022/04/18/32423/:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ», ապրիլի 5, 2023, https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/12/31/Nikol-Pashinyan-New-Year-Message/:
[1] «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին», դեկտեմբերի 7, 2020, https://www.mfa.am/hy/speeches/2020/12/07/fm_wsp/10696:
[2] «Կանայք ՀՀ զինված ուժերում. առկա իրավիճակն ու խնդիրները», ապրիլի 5, 2023, https://mediamax.am/am/news/armypolice/20583/:
[3] Օֆելյա Սիմոնյան, Կանայք հայկական և օտարերկրյա բանակներում. թվեր և վիճակագրություն, media.am (blog), ապրիլի 18, 2022, https://media.am/hy/verified/2022/04/18/32423/:
[4] «Վաշտի աղջիկները», ապրիլի 5, 2023, https://mediamax.am/am/specialprojects/military-girls/:
[5] Նույն տեղում:
[6] Jenny Hedström, “Militarized Social Reproduction: Women’s Labour and Parastate Armed Conflict”, Critical Military Studies 8, no. 1 (January 2, 2022): 58–76, https://doi.org/10.1080/23337486.2020.1715056.
[7] Clara Isabel Girón Pacheco, “Surrogacy – THIS IS GENDERED”, accessed April 5, 2023, https://thisisgendered.org/entry/surrogacy/.
[8] Kathleen Sloan, “Trading on the Female Body: Surrogacy, Exploitation, and Collusion by the US Government”, Public Discourse (blog), April 24, 2017, https://www.thepublicdiscourse.com/2017/04/19109/.
[9] Սուսան Բադալյան, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գևորգ ու Գոհար Դավթյանները նորից ծնողներ կդառնան՝ փոխնակ մոր օգնությամբ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան, փետրվարի 18, 2022, https://www.azatutyun.am/a/31710422.html:
[10] Կուշանե Չոբանյան, Լինել փոխնակ մայր Հայաստանում, EVN Report (blog), ապրիլի 5, 2019, https://evnreport.com/arm/raw-unfiltered-arm/linel-phoxnak-mayr-hayastanum/:
[11] Նույն տեղում:
[12] «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ», ապրիլի 5, 2023, https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/12/31/Nikol-Pashinyan-New-Year-Message/: