զիներ պատրաստելու աշխատարան

Սիրելի ընկերներ, «թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնի շրջանակներում հրավիրում ենք ձեզ մասնակցելու զիներ պատրաստելու աշխատարանին, որը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 12։00-16:00, ՖեմԳրադարանում (հասցե՝ Պուշկին 43/2)։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու իրենց զիները երկու եղանակով։ Առաջին առաջարկվող եղանակը զին պատրաստելու ամենատարածված և ամենապարզ ձևն է՝ ընտրված թուղթը կտրել-ծալելու, տարբեր հանդեսներից նկարազարդումներ կտրել-սոսնձելու և գեներացված գաղափարները տեքստի վերածելու միջոցով։ Աշխատարանի ընթացքում առաջարկվող զին պատրաստելու երկրորդ եղանակը գրակազմության տեխնիկան է, որի կիրառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կարելու միջոցով պատրաստելու իրենց զիները:
Աշխատարանին մասնակցելու տեղերը սահմանափակ են, շտապեք գրանցվել մինչև մայիսի 14-ը հետևյալ հղմամբ՝
Աշխատարանը կվարի արփի բալյանը ՖեմԳրադարանից։
Աշխատանքային լեզուն՝ հայերեն:
արփի բալյանը քվիր, ֆեմինիստ միջդիսցիպլինար արվեստագետ է, որը բնակվում է Աբովյան քաղաքում։ Նրա աշխատանքները ընդգրկում են ժամանակակից արվեստի տարբեր ձևեր՝ ներառյալ տեսողական, գրական, պերֆորմատիվ արվեստը, փոդքասթինգը և փողոցային արվեստը։ արփիի հետաքրքրությունները կենտրոնացած են ֆեմինիզմի և ինտերսեկցիոնալ շարժումների շուրջ, ինչպիսիք են ապագաղութացումը, հակառազմականացումը, սեռականությունը, հակակապիտալիզմը, աբոլիցիոնիզմը, նեյրոբազմազանությունը, հոգեկան առողջության ակտիվիզմը, հոգևորությունն ու շրջակա միջավայրի հարցերը։
Զիներ պատրաստելը արփիի համար իր քաղաքական գաղափարները, փորձառություններն ու անհանգստությունները ստեղծարար ձևով ներկայացնելու միջոց է։ Զիներ պատրաստել սկսել է 2017 թվականից։ Նրան միշտ գրավել է զինի այն գաղափարը, որ արվեստով և քաղաքական ակտիվիզմով հետաքրքրվող մարդիկ կարող են իրագործել իրենց քաղաքական և ստեղծարար մտքերը քիչ ռեսուրսներով և կախված չլինել հրատարակչից կամ իշխանություն ունեցող և օրակարգեր թելադրող կառույցներից։ Ըստ նրա զինը լավ միջոց է չլսված ձայները լսելի դարձնելու համար։